«Fast-Forward 2026» բիզնես առաջնորդության համաժողովին ընդառաջ Banks.am-ը հարցազրույց է անցկացրել Wilco-ի հաճախորդների հետ աշխատանքի գծով գլխավոր մենեջեր Դավիթ Գասպարյանի հետ: Wilco-ն հանդես է եկել որպես համաժողովի գործընկեր, իսկ Դավիթը՝ որպես խոսնակ: Հարցազրույցի ընթացքում նա ներկայացրել է իրավահաջորդության պլանավորումը (succession planning)՝ որպես Wilco-ի հիմնական ուղղություններից մեկը, և կապիտալի կառավարումը (wealth management) բնորոշել ոչ թե զուտ ֆինանսական միջոցների կառավարում, այլ աշխատանք ընտանիքի անցյալի, ներկայի և ապագայի հետ:
Դավիթն անդրադարձել է նաև Հայաստանում կապիտալի կառավարման ոլորտի աճի ներուժին՝ մատնանշելով երկրի կայուն բանկային համակարգը և խոշորագույն ընկերությունների հիմնադիրների շրջանում այժմ ընթացող սերնդափոխության գործընթացը:
Զրույցում խոսվել է նաև 2025 թվականի ռեբրենդինգից հետո Wilco-ի զարգացման ուղղության մասին: Դավիթը նշել է, որ գործընկերային ցանցի շնորհիվ Wilco-ի հաճախորդներին հասանելի է դառնում ծառայությունների ավելի լայն շրջանակ, որը դուրս է գալիս զուտ ներդրումների կառավարման սահմաններից՝ ներառելով կապիտալի կառուցվածքավորումը, հարկային և իրավաբանական աջակցությունը, ինչպես նաև սփյուռքահայության համար նախատեսված հատուկ լուծումները: