Banks.am-ը խնդրել է Wilco-ի ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն և ընտանեկան կառավարման (family governance) եւ իրավահաջորդության պլանավորման հարցերում փորձագետ Կարինա Արությունովային կիսվել իր տեսակետներով ընտանեկան կապիտալի իրավահաջորդության թեմայով:
Դժվարությունները համընդհանուր են
Կապիտալը գրանցման հասցե չունի, իսկ ընտանիքների բարեկեցության պլանավորման եւ փոխանցման դժվարությունները համընդհանուր են։ Սերունդների բախումը, հայացքների տարբերությունը, երկխոսության, միասնական սկզբունքների եւ ներընտանեկան վեճերի լուծման իրավական մեխանիզմների բացակայությունը, ցավոք, չի նպաստում հաջորդ սերունդներին առաջին հերթին ոչ նյութական արժեքների, ավանդույթների եւ ընտանեկան պատմությունների փոխանցմանը։
Մինչդեռ հենց ընտանիքի պատմության իմացությունը, վստահությունը եւ կապիտալի ու բիզնեսի ճակատագրի վերաբերյալ նախապես ձեւակերպված մոտեցումներն են ապագա բարեկեցության եւ ընտանեկան անդորրի հիմք հանդիսանում։
Այս հիմքը կառուցելու համար համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի ընտանեկան կառավարում կամ family governance։ Սա վերացական հասկացություն չէ, այլ հստակ համակարգ. ընտանեկան խորհուրդներ, ընտանեկան սահմանադրություններ, որոշումների կայացման կանոնակարգեր, հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ։ Առավել համակարգված տարբերակում՝ ընտանեկան գրասենյակ (family office), որը պրոֆեսիոնալ կերպով կառավարում է կապիտալը, ներդրումները եւ ընտանիքի շահերը՝ որպես մեկ ամբողջություն։ Wilco-ում մենք աշխատում ենք ինչպես այն ընտանիքների հետ, որոնք նոր են սկսում նման ենթակառուցվածք կառուցել՝ օգնելով ամենասկզբից դնել հիմնաքարերը, այնպես էլ արդեն գործող ընտանեկան գրասենյակների հետ, որոնք փորձագիտական աջակցության կարիք ունեն ընտանեկան կառավարման եւ իրավահաջորդության կոնկրետ հարցերում։
Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէ
Արեւմուտքում family governance-ը հարյուրամյակների պատմություն ունի, իսկ մեր տարածաշրջանում ընտանիքին որպես գործընկերության մոտենալու մշակույթը՝ կառավարմամբ, կոմիտեներով եւ սահմանված կանոններով, դեռ նոր է ձեւավորվում։
Կարեւոր է հասկանալ, որ խոսքը միայն առանձին ընտանիքների ճակատագրի մասին չէ։ Այն, թե ձեռնարկատերերի առաջին սերունդն ինչպես կփոխանցի իր կապիտալը, մեծապես կորոշի՝ արդյո՞ք այդ կապիտալը կշարունակի աշխատել տարածաշրջանի տնտեսության մեջ, թե աստիճանաբար կփոշիանա։ Գրագետ իրավահաջորդությունը միայն մասնավոր գործ չէ, եւ խոշոր կապիտալի պարագայում այն կարող է ազդել երկրի կամ տարածաշրջանի տնտեսության վրա։
Հասկանալ նպատակը
Չկա մեկ միասնական իրավական գործիք, որը կլուծեր բոլոր հարցերը, կգործեր ինքնավար եւ պարբերական վերանայման կարիք չէր ունենա։ Առաջին հերթին կարեւոր է հասկանալ կառուցվածքավորման նպատակը. թե ժառանգատուն ինչպիսի տնօրինում է ակնկալում իր ակտիվների եւ ընտանիքի համար իր հեռանալուց հետո։
Օրինակ՝ կտակում արժե մանրամասն նկարագրել, թե որ գույքը եւ բիզնեսը պետք է անցնեն ոչ թե ուղղակիորեն ժառանգներին, այլ հատուկ ստեղծվող կազմակերպությանը՝ ֆոնդին կամ թրաստին, թե ով է իրականացնելու դրա կառավարումը, եւ ժառանգներից ում, ինչ չափով ու ինչ պայմաններով է այն վճարումներ կատարելու։ Դա կապահովի ոչ միայն ակտիվների անվտանգությունը, այլեւ կպաշտպանի հենց ժառանգներին՝ տարիքային անփորձությունից, բիզնես- հմտությունների պակասից եւ կողմնակի «բարյացակամ» խորհրդատուներից։
Ընդ որում, կոնկրետ գործիքի ընտրությունը մեծապես պայմանավորված է այն իրավասությամբ, որտեղ կենտրոնացված է կապիտալը։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներում ամենատարածված մեխանիզմներից մեկը ֆոնդն է։
Պլանավորման գործիքները
Ինչպես ասվում է՝ ճշմարտությունը ժամանակի դուստրն է։ Միայն ժամանակն է ունակ ի ցույց դնել այս կամ այն որոշման արդարացիությունը։ Կյանքը բազմազան է եւ բավականին փոփոխական, ժամանակակից մարդը չի կարող լիովին ապահովագրել իր ընտանիքը, սակայն նրան հասանելի են պլանավորման այնպիսի գործիքներ, որոնք ունակ են զգալիորեն նվազեցնել ռիսկերի քանակը՝ իր նախորդների համեմատ։ Անորոշությու՞ն, թե՞ կանխատեսելիություն. ընտրությունը մերն է։