Բորիս Սարնով․ «Հայաստանում փողն ավելի արագ հայտնվեց, քան դրա համար նախատեսված գործիքները»

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Wilco Wealth Management-ի բիզնեսի զարգացման գծով գլխավոր տնօրեն Բորիս Սարնովը պատմում է, թե ինչու է Հայաստանում կապիտալի կուտակումն առաջ անցնում ներդրումային գործիքների զարգացումից, ինչով է հայկական շուկան տարբերվում վրացականից և ղազախստանյանից, և ինչ քայլեր կարող են արագացնել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումը։

Բորիս Սարնովը բեկումնային է համարում 2022 թվականը։ Այդ ժամանակ երկիր մուտք գործեց ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ռեկորդային ծավալ՝ հիմնականում Ռուսաստանից, իսկ կապիտալի հետ միասին Հայաստան տեղափոխվեցին նաև մարդիկ և ընկերություններ՝ առաջին հերթին ՏՏ և ֆինանսական ոլորտներից։ Այդ ժամանակից ի վեր ավանդների բազան շարունակել է աճել, իսկ ավանդների դոլարայնացումը նվազել է, ինչը նա համարում է դրամի և տեղական ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման նշան։ Սակայն հայկական ընկերությունների բաժնետոմսերում և պարտատոմսերում ներդրված յուրաքանչյուր դրամին բաժին է ընկնում բանկային ավանդներում պահվող մոտ յոթ դրամ։ Նրա կարծիքով՝ շուկային պակասում է ոչ թե փողը, այլ գործիքները։

Բորիս Սարնովը նկարագրում է նաև, թե ինչ է հաճախ տեղի ունենում, երբ ձեռներեցը վաճառում է իր բիզնեսը։ Սեփականատերը հայտնվում է մի վիճակում, որը նա անվանում է «իրացվելիության վակուում», և սովորաբար ընկնում է երկու ծայրահեղություններից մեկի մեջ՝ անգործության կամ շտապողականության։ Նա բացատրում է, թե ինչու է Wilco-ն զրույցը սկսում ոչ թե պրոդուկտից, այլ հաճախորդի կարիքներից, ինչպես է պրոդուկտային շարքը կառուցված չորս աստիճանով՝ իրացվելիությունից մինչև այլընտրանքային ներդրումներ և մասնավոր շուկաներ, և ինչու Pre-IPO-ն պետք է դիտարկել որպես մասնավոր ընկերությունում ոչ իրացվելի բաժնեմաս, իսկ ընտրությունը պետք է ավելի մոտ լինի ինստիտուցիոնալ due diligence-ին, քան «թեժ» անվան վաճառքին։

Նա առանձնացնում է նաև երեք ուղղություն, որոնք կարող են արագացնել շուկայի զարգացումը։ Առաջինը բնակչությանը հասկանալի երկարաժամկետ գործիքներ տրամադրելն է, օրինակ՝ կուտակային ապահովագրություն և կոլեկտիվ ներդրումների ֆոնդեր, այդ թվում՝ AMX-ում շրջանառվող բորսայական ֆոնդեր։ Երկրորդն այն է, որ արտասահմանյան ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը չնշանակի կապիտալի հեռացում հայկական ենթակառուցվածքից, և առևտուրը, հաշվարկները ու պահառությունը մնան Հայաստանում։ Երրորդը ոլորտում ինքնակարգավորման զարգացումն է, որին Wilco-ն պատրաստ է ակտիվորեն մասնակցել։

«Նպատակն այն չէ, որ ամբողջ կապիտալը ներդրվի հայկական ակտիվներում, այլ որ այդ կապիտալի կառավարման կենտրոնը մնա Հայաստանում»։

Ամբողջական հարցազրույցը հասանելի է «ԱՌԿԱ» գործակալության կայքում։

Wilco LLC-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Տվյալ նյութը չի հանդիսանում ներդրումային խորհուրդ։ Ներդրումները կրում են ռիսկեր։ Նախկինում գրանցված արդյունքները չեն երաշխավորում ապագա եկամտաբերություն կամ արդյունքներ։

Վերջին նորություններն ու թարմացումները

Վերջին թարմացումը՝ 25.11.2026 18:49