Wilco-ն հազվագյուտ հայկական ձեռագրեր է նվիրաբերել Կերոն զարգացման հիմնադրամին

Wilco-ն Փարիզի Սամուելյան Արևելյան գրախանութի հավաքածուից ձեռք է բերել 17-19-րդ դարերի 13 տպագիր գիրք ու 5 բացառիկ ձեռագիր և ամբողջ հավաքածուն նվիրաբերել Կերոն զարգացման հիմնադրամին:

Հավաքածուն ներառում է ծիսական մատյաններ, բժշկական ձեռագրեր, ինչպես նաև հայոց պատմությունն ու սփյուռքի համայնքները փաստագրող աշխատություններ:

Նմուշները ձեռք են բերվել 2025 թվականին Փարիզում կայացած աճուրդից, որտեղ վաճառքի էր հանվել Սամուելյան Արևելյան գրախանութի հավաքածուն: Գրախանութը հիմնադրվել է 1930 թվականին լրագրող և արևելագետ Հրանտ Սամուելյանի կողմից Փարիզի Լատինական թաղամասում և 95 տարի եղել է Փարիզի հայ համայնքի մշակութային կենտրոնը՝ մինչև 2016 թվականին իր գործունեության դադարեցումը: Գրախանութը ղեկավարել է Հրանտ Սամուելյանը մինչև իր մահը՝ 1977 թվականը, ապա նրա երեխաները՝ Արմեն Սամուելյանը և Ալիս Ասլանյանը: 2025 թվականին Սամուելյանի ժառանգները որոշել են աճուրդի հանել հավաքածուն ամբողջությամբ:

Wilco-ն ձեռք բերված նմուշները փոխանցել է Կերոն զարգացման հիմնադրամին՝ որպես վստահելի կառույցի, որն ակտիվորեն իրականացնում է հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման նախաձեռնություններ:

«Այս հազվագյուտ գրքերն ու ձեռագրերը պատմական հիշողության և ավանդույթի կրողներն են: Դրանց ձեռքբերումն ու վերադարձը հայկական մշակութային միջավայր մենք դիտարկում ենք որպես ներդրում այդ ժառանգության պահպանման և այն ապագա սերունդներին փոխանցելու գործում: Կարծում ենք, որ երկրի երկարաժամկետ զարգացումը կապված է ոչ միայն տնտեսության և ներդրումների, այլև մշակութային և մտավոր ժառանգության պահպանման հետ», նշել է Wilco ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվան:

Ձեռք բերված հազվագյուտ գրքերի թվում են.

  • «Հայ-Վենետ կամ յառընչութիւնք հայոց և վենետաց», Ղևոնդ Ալիշան (1896թ., Վենետիկ, Սուրբ Ղազար)
  • «Պատմութիւն հայոց գաղթականութեան ի Լիվոռնոյ», Մեսրոպ Վարդապետ Ուղուրլեան (1891թ., Վիեննա, Մխիթարյան տպարան)
  • Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Հայր Վահան Պասմատյան (1880թ., Էջմիածին)
  • «Աստվածաշունչ» (1733թ., Վենետիկ, Անտոնիո Բորդոլիի տպարան)
  • «Աստվածաշունչ» (1733թ., Վենետիկ, Անտոնիո Բորդոլիի տպարան)
  • «Նարեկ. Գիրք Աղոթքից», Գրիգոր Նարեկացի (1782թ. և 1829թ., Կոստանդնուպոլիս)
  • «Տոնացույց» (1782թ., Վենետիկ, Դեմետրիոս Թեոդոսիուի տպարան)
  • «Ավետարան» (1805թ., Կոստանդնուպոլիս, Արապյան տպարան)
  • «Ճանապարհորդություն ի Լեհաստան», Մինաս Բժշկյանց (1830թ., Վենետիկ, Սուրբ Ղազար)
  • «Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ» եռահատոր աշխատությունը, Գրիգոր Գովրիկյան (1893, 1899, 1904թթ., Վիեննա, Մխիթարյան տպարան)
  • Մաշտոց, 18-19-րդ դդ. ձեռագրեր
  • Ժողովածու, 1672-1676թթ. ձեռագիր
  • Հեքիմարաններ, 17-18-րդ դդ. ձեռագրեր
  • «Գիրք հաքիմարան եւ պիտանի ամենայն ցաւոց» (1798թ. ձեռագիր)

Յուրաքանչյուր նվիրաբերված նմուշ, անկախ իր բովանդակությունից, ստեղծման վայրից և ժամանակից, առանձնակի կարևորություն ունի: Ձեռագրերից երկուսը ծիսարաններ են, որոնք կիրառվել են եկեղեցիներում տարբեր արարողությունների ժամանակ: Իբրև ծիսարաններ՝ Մաշտոցները լավագույնս արտահայտում են ինչպես ծեսի բովանդակությունը, այնպես էլ ժամանակի ընթացքում դրանում կատարված փոփոխությունները, որոնք մի զգալի չափով տեղի են ունեցել այլ եկեղեցիների հետ հարաբերությունների ազդեցությամբ: Այդ իմաստով Մաշտոց ձեռագրերը կարևոր աղբյուր են ինչպես եկեղեցական ծեսի և ծիսական կյանքի, այնպես էլ միջեկեղեցական ու ներեկեղեցական հարաբերությունների ուսումնասիրման համար:

 Առանձնահատուկ արժեք են ներկայացնում հեքիմարանները, որոնք ժողովրդական բժշկության աղբյուրներ են: Այս ձեռագրերը, որպես կանոն, եզակի են, քանի որ յուրաքանչյուր բժիշկ ինքն է կազմել իր մատյանը: Դրանք կարևոր տեղ են զբաղեցնում միջնադարյան բժշկության ուսումնասիրության մեջ և անփոխարինելի նշանակություն ունեն ժողովրդական մշակույթի ու առօրեականության պատմության ուսումնասիրման համար, ինչը խիստ արդիական թեմատիկ ուղղություն է հումանիտար գիտությունների ոլորտում:

«Մենք անչափ մտահոգ էինք Սամուելյան գրախանութի անգին ժառանգության ճակատագրով և մեզ համար մեծ ուրախություն էր, որ Wilco ընկերությանը հաջողվեց ձեռք բերել բացառիկ գրքերից որոշները և մեզ նվիրաբերել: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս եզակի ձեռագրերի պահպանման ու դրանք ապագա սերունդներին հասանելի դարձնելու գործին և անչափ հպարտ ենք, որ կարող ենք լինել այս կարևոր մշակութային ժառանգության պահապանները», նշել է Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

 

 

 

Վերջին նորություններն ու թարմացումները

Վերջին թարմացումը՝ 03.09.2026 13:06